Թատերական հեռադիտակը, որը դարձել էր Աբրահամ Լինքոլնի սպանության վկան, աճուրդի կհանվի 500-700 հազար դոլարով: Հենց այդ հեռադիտակով է Լինքոլնը Վաշինգթոնի Ֆորդ թատրոնում ներկայացում դիտել 1865 թվականի ապրիլի 14-ին, երբ օթյակ  է մտել դերասան Ջոն Ուիլքս Բութը եւ կրակել նրա գլխին:

Հաջորդ օրն առավոտյան ԱՄՆ-ի նախագահը գիտակցության չգալով մահացել էր: Լինքոլնի մարդասպան Ջոն Ուիլքս Բութը հարավայինների կողմնակից էր:

Ինչպես հայտնում է  Agence France-Presse-ը, հեռադիտակն աճուրդի է հանվել  Nate Sanders Auctions աճուրդի տան կողմից: Աճուրդի տան հաղորդագրության մեջ ասվում է, որ 1865 թվականի ապրիլի 14-ի սեւ-ոսկե հեռադիտակը փողոցում վերցրել էր բանակի կապիտան Ջեյմս Մաքամլին, որն օգնել էր վիրավոր Լինքոլնին թատրոնից մոտակա տուն տեղափոխել:

Մաքամլիի ընտանիքում հեռադիտակը փոխանցվել է սերնդեսերունդ, նրա տերերն են եղել ընտանիքի երեք սերունդներ: 1979 թվականին հեռադիտակը գնվել էր Forbes ամսագրի հիմնադրի ժառանգ Մալքոլմ Ֆորբսի կողմից:

Nate Sanders Auctions-ի օնլայն աճուրդը կտեւի մինչեւ 2012 թվականի ապրիլի 30-ը: