Վեց ամիս հետո կազդարարվի Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու մեկնարկը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունն այսօր` ապրիլի 26-ին, կնքեցին պայմանագիր` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Ըստ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի` ավարտվեցին ազատ տնտեսական գոտու ձեւավորման ֆորմալ գործընթացները, սկսվում է  կոնկրետ գործընթացը: «Սիթրոնիքս Արմենիան» պարտավորվում է 6-ամսյա ժամկետում ապահովել բոլոր անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպչական եւ ենթակառուցվածքային նախագծերը: Նախարարի տեղեկացմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ կարող է հայտեր ընդունել այն ներդրողների կողմից, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ անել ազատ տնտեսական գոտում: Իսկ «Սիտրոնիքս Արմենիայի» գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը հավաստիացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում իր ընկերության պաշտոնական կայքէջում կտեղադրվեն ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը:

ԵրՄՄԳՀԻ գլխավոր տնօրեն Արսեն Թարոյանն էլ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարեց, որ ինստիտուտի տարածքում արդեն իսկ ապահովված է Հայաստանում ամենաարագ եւ ամենաէժան ինտերնետը, ներկայացված են ինտերնետ մատակարարող բոլոր պրովայդերները, ինչպես մալուխային, այնպես էլ Wi Fi տարբերակով: