«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանում կապի առաջին թանգարանի բացման մասին, որը գտնվում է Երեւանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «ՎիմեպելԿոմ» ընկերության ղեկավարությունը ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկիի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ինչպես նաեւ Առեւտրաարդյունաբերական պալատի եւ տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաեւ իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:
«Ես շատ ուրախ եմ մասնակցել այս նշանակալից իրադարձությանը` տեսնելով որ Beeline թիմը ձգտում է հաճախորդներին պարգեւել ոչ միայն ուրախ շփում, այլ նաեւ փորձում է պահպանել կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությունը սերունդների համար: Ես համոզված եմ, որ այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով եւ ձեռքբերումներով` Հայաստանի հարուստ փորձին ավելացնելով աշխարհի լավագույն երկրների փորձը»,- նշեց «ՎիմեպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:
«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր ելույթում նշել է. «Կապի թանգարանը հիմնադրվել է «ԱրմենՏել»-ի կողմից պատմական ժառանգությունը պահպանելու եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելու նպատակով: Ժամանակակից աշխարհում կյանքն անհնար է պատկերացնել առանց կապի ծառայությունների, իսկ մեր ընկերությունն, որն այս բնագավառի զարգացման առաջատարներից է, իր պարտքն է համարում պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին այս պատմությունը. պատմություն մեր երկրի, մեր ընկերության եւ մեր հերոս կապավորների մասին»: Մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է բացել թեմատիկ գրադարան ինչպես նաեւ կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների եւ ուսանողների համար: