Թուրքիայի Յալովա քաղաքում  հայտնի երաժիշտ, երգահան Հովաննես Թունջբոյաջյանի (Օնո Թունչ) հիշատակին նվիրված հուշարձանն ամբողջովին քանդվել է քաղաքապետարանի կողմից:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 16 տարի առաջ ավիավթարի հետեւանքով զոհված հայ երաժիշտի հիշատակին 2002-ին Յալովա քաղաքում կառուցված հուշարձանը ժամանակի ընթացքում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել: 15 օր առաջ էլ անհայտ անձիք պոկել են հուշարձանի վրայի տառերը:

Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ հուշարձանը քանդելու որոշում է կայացվել, քանի որ այն ավերված վիճակում է եղել: Նա պնդել է, թե խոսել է Օնոյի ընտանիքի անդամների եւ քանդակագործի հետ եւ 2 ամիս հետո ավելի գեղեցիկ հուշարձան կտեղադրեն:

Նշենք, որ Օնո Թունչը 1996-ի հունվարի 14-ին մասնավոր օդանավով Բուրսայից Յալովա վերադառնալու ժամանակ վթարի էր ենթարկվել եւ զոհվել: