Այսօր կլրանար «փոփ-արտի երկրորդ ալիքի» ամենավառ  ներկայացուցիչներից մեկի՝ ամերիկացի Քիթ Հարինգի ծննդյան 54-ամյակը, որը մահացել է ՁԻԱՀ-ից՝ 31 տարեկան հասակում, այսօր Google-ը հիշում է՝ ավանդական լոգոն փոխարինելով նրա նկարած մարդուկներով։

1978 թվականին 20-ամյա Հարինգը դուրս է եկել Փենսիլվանիայից։ Նա նախկին մոլեռանդ քրիստոնյա էր եւ նախկին ուշացած հիպի։ Պատանին թմրամոլության բավական մեծ փորձ ուներ եւ դեռեւս նոր գիտակցված նույնասեռականություն. նա համարյա հենց հարսանիքից փախել է  հղի հարսնացուից եւ նորմալ կյանքի սպառնալիքից։ 

Իր ստեղծագործական կյանքն սկսել է նյույորքյան գետնանցումների պատերի նկարազարդումներից։ Պարզ պատկերները եւ պայծառ գույներն արագ նրան փառք են բերել ամբողջ աշխարհում։ Այնուհետեւ նա սկսել է որմնանկարներ նկարել։ Նկարիչը հրաժարվել է իր պատկերների օգտագործման պայմանագրեր կնքելուց, քանի որ վախենում էր իր արվեստի առետրականացվելուց։ Սակայն նրա ուսուցիչ էնդի Ուրհոլը համոզել է պատանուն, որ իր աշխատանքի դիմաց փող ստանալն ամոթալի բան չէ։ Քիթի ստեղծագործությունները լցրել են աշխարհը գեղարվեստական բացիկների, գրառման գրքույկների տիտղոսաթերթերի, ծրարների ձեւավորման, շապիկների, սպիտակեղենի տեսքով։  

Նրա ամենահայտնի պատկերներն են՝ ռադիոակտիվ նորածինը,  ոսկե հորթի դերում հանդես եկող շնիկը, թռչող ափսեն, բուրգը, եւ, իհարկե, սեռական հարաբերության մեջ գտնվող, միյանց սպանող, աղաչող եւ պարող մարդուկները։ Հարինգն ասում էր, որ գեղանկարչությունն իր համար պարի տարբերակ է, եւ նրա նկարներն իսկապես որպես շարժում են ընկալվում, անձամբ նկարչի ինքնատիպ  պարարվեստ։
 1988 թվականին Հարինգն իմացել է, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով։ Նա հիմնադրել է  Keith Haring Foundation բարեգործական հիմնադրամը, հավաքված միջոցներն ուղղվում են  քաղցկեղի դեմ պայքարին եւ մանկական հիվանդանոցներ։ Հարինգի վերջին աշխատանքն է դարձել Tuttomondo որմնանկարը, որը նկարել էր 1989 թվականի հունիսին՝ Պիզայի Սուրբ Անտոնիոսի կանացի մենաստանի պատին։

1990 թվականի փետրվարին՝ 31 տարեկանում, Քիթ Հարինգը վախճանվել է։