Ֆրանսիական հայաշատ շրջաններից շատերում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Ֆրանսուա Օլանդը:

Ըստ «Nouvelles d`Arménie» կայքի հրապարակած տվյալների`  հայաշատ շրջանների 12 ընտրատեղամասերից 9-ում հաղթել է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը եւ միայն 3-ում` հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին: 

Այդ 12 շրջանները, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, հետեւյալն են`  Ալֆորվիլ (Ֆրանսուա Օլանդ`  61,95%), Իսսի լե Մուլինո (Ֆրանսուա Օլանդ` 51,7%), Մարսել` 10-րդ թաղամաս (Նիկոլա Սարկոզի`  53,75%), Մարսել` 12-րդ թաղամաս (Նիկոլա Սարկոզի` 60,29%), Մարսել` 13-րդ թաղամաս (Ֆրանսուա Օլանդ` 51,73%), Մարսել` 14-րդ թաղամաս (Ֆրանսուա Օլանդ 64,15%), Լիոն` 6-րդ թաղամաս (Նիկոլա Սարկոզի`  63,5%), Վիյորբան (Ֆրանսուա Օլանդ` 58,01%), Դեսին Շարփյո (Ֆրանսուա Օլանդ` 50,19%), Վյեն (Ֆրանսուա Օլանդ` 53,66%), Վալանս  (Ֆրանսուա Օլանդ` 53,40%), Բուր լե Վալանս  (Ֆրանսուա Օլանդ` 52,28%):

Հիշեցնենք,  որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ֆրանսիայում հաղթել է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը:  Վերջին տվյալներով` նա 51,62% ձայն է հավաքել, իսկ նրա մրցակից հեռացող Նիկոլա Սարկոզին` 48,38%:

Նշենք, որ ինչպես հաղթող  Ֆրանսուա Օլանդը, այնպես էլ պարտված  Նիկոլա Սարկոզին խոստացել էին Ֆրանսիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Հիշեցնենք, որ Սարկոզիի կուսակցության ներդրած օրինագիծը ընդունվել է խորհրդարանի կողմից, բայց այնուհետեւ հանվել էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից` նախքան նախագահի վավերացնելը:

Դրանից հետո եւ Սարկոզին, եւ Օլանդը խոստացել էին ընտրվելու պարագայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրենք մտցնել, որի չի հակասի Ֆրանսիայի օրենսդրությանը: