Հայաստանը մայիսի 5-ին Վիեննայում «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակչում ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանն անցել է եզրափակիչ փուլ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ` Նարեկը շատ լավ ելույթ է ունեցել, ժյուրիի բոլոր անդամները հիացած էին: «Գործիքի առումով ինքը ունիկալ էր եւ միակն էր, որ այդպիսի գործիք էր ներկայացնում, դրանով առանձնացավ, բոլորը հիացած էին քանոնի հնչյուններից  եւ ասացին, որ այս երեխան վիրտուոզ է, տարբեր երկրներից հիացական, շնորհավորական նամակներ ենք ստացել»,- նշեց նա:

Եզրափակիչ փուլ են անցել երկու կիսաեզրափակիչների 14 երկրների ներկայացուցիչներից միայն 7-ը` Չեխիան, Հայաստանը, Ավստրիան, Լեհաստանը, Գերմանիան, Բելառուսը եւ Նորվեգիան: Նարեկը այդ 7 երկրների ներկայացուցիչների հետ կմրցի մայիսի 11-ին կայանալիք եզրափակչում: Հայաստանի մասնակիցը մայիսի 5-ին տեղի ունեցած կիսաերզափակչում  ներկայացրել է   Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը, Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան պարահանդեսը»  եւ Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը, իսկ եզրափակչում կկատարի Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը: Այժմ Նարեկը փորձերի մեջ է, օրական երեք փորձ են անում, վաղվանից արդեն օրկեստրով են փորձեր անելու: «Նարեկին նկատել են արդեն, ինքը արդեն աչքի է ընկել, եւ կարծում եմ, որ սա մեծ հեռանկար կլինի իր համար»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակչին: Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ում թեկնածությունն առաջարկել է Մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»  մրցույթը համեմատաբար երիտասարդ է, այն  անցկացվում է երկու տարին մեկ: Մրցույթին կարող են մասնակցել 15-ից 19-ը տարեկան պատանի երաժիշտներ, որոնք պետք է ներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարվող ստեղծագործություններ, երաժշտական գործիքի սահմանափակում չկա: Ի տարբերություն մյուս  «Եվրատեսիլների»` այստեղ լսարանի քվեարկություն չկա, հաղթողին որոշելու է 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցույթը Հայաստանում որեւէ հեռուստաընկերությամբ չի ցուցադրվելու, դրան կարող ենք հետեւել մրցույթի պաշտոնական կայքի միջոցով:

Նշենք, որ  վանաձորցի Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից:  2010թ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա  արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է: