Վիեննայում մայիսի 11-ին կայացած «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթի եզրափակիչ փուլում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են հայեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքով` առաջին տեղը զբաղեցրել է  Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադը (Նորվեգիա) ` ալտով, երկրորդ տեղը` Էմանուել Ճգնավորյանը (Ավստրիա)  ջութակով, իսկ երրորդ տեղը` Նարեկ Կազազյանը (Հայաստան)  քանոնով:

«Շատ գոհ ենք, շատ ուրախ ենք, Նարեկը շատ լավ տպավորություն է թողել բոլորի վրա, կարող եմ ասել, որ եթե լիներ հանդիսատեսի համակրանքի մրցանակը, ապա դա միանշանակ մերը կլիներ, բոլորը գալիս էին եւ ասում էին, որ այս տղան առաջինն է, հիացած էին մեր գործիքով, մեր նվագելով: Այն տպավորությունները, որ ստացել էինք մրցույթից հետո եւ ընթացքում, ավելի մեծ հաղթանակ էր, քան երրորդ տեղը»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով`  երեք տեղերն էլ մրցանակային էին եւ հաղթողներին շնորհվեցին մրցանակներ: Հայաստանը ներկայացնող Նարեկ Կազազյանին տվեցին Վիեննայի միջազգային երաժշտական դպրոցում master class-ի հնարավորություն` քանոնի որեւէ լավ մասնագետի մոտ: Դրանից բացի` նա ստացավ ժյուրիի անդամներից մեկի օրկեստրի հետ նվագելու հնարավորություն, ով հայտնի դիրիոժոր է, ինչպես նաեւ 2000 եվրոյի չափով մրցանակ:

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա մայիսի 13-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակչին: Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ում թեկնածությունն առաջարկել է Մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»  մրցույթը համեմատաբար երիտասարդ է, այն  անցկացվում է երկու տարին մեկ: Մրցույթին կարող են մասնակցել 15-ից 19-ը տարեկան պատանի երաժիշտներ, որոնք պետք է ներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարվող ստեղծագործություններ, երաժշտական գործիքի սահմանափակում չկա: Ի տարբերություն մյուս  «Եվրատեսիլների»` այստեղ լսարանի քվեարկություն չկա, հաղթողին որոշելու է 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցույթը Հայաստանում որեւէ հեռուստաընկերությամբ չի ցուցադրվելու, դրան կարող ենք հետեւել մրցույթի պաշտոնական կայքի միջոցով:

Նշենք, որ  վանաձորցի Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից:  2010թ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա  արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է: