Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը պատասխանել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի վերաբերյալ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իսմեթ Յըլմազը պատասխանել է, որ 1990-ից այս կողմ Թուրքիայի զինված ուժերում տարբեր պատճառներով  մահացել են 3 813 զինվոր։  Նշվում է, որ այդ թվից 2 221 հոգին ինքնասպանություն է գործել։

Նշենք, որ քուրդ գործիչները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ինքնասպանություն գործող զինվորականների գերակշիռ մասը քրդեր են՝ նշելով, որ բանակում ազգային փոքրամասնությունների վրա խիստ ճնշում կա։

Հիշեցնենք, որ 2011-ի ապրիլի 24-ին Բաթման նահանգի զորամասերից մեկում Քըվանչ Աղաօղլու անունով ժամկետային զինծառայողը սպանել էր ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըին։ Թուրք զինվորականները հայտարարում են, թե այն տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, սակայն ականատես զինվորները պնդել են, որ մինչ սպանության օրը Քըվանչը մի քանի անգամ ասել էր Սեւակին, որ սպանելու է նրան։ Հիշյալ գործով դատավարությունը շարունակվում է։