Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 18-ին, ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:

Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության ոլորտում  հայ-չինական համագործակցությանը առնչվող հարցեր:  Մասնավորապես, քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային ավագ դպրոց հիմնելու ծրագիրը: ԿԳ նախարարը չինական կողմին առաջարկել է մշակել նոր հուշագրի նախագիծ, որը նախադրյալ կհանդիսանա   նախատեսվող ծրագրի գործնական փուլի մեկնարկի համար: Միաժամանակ Արմեն Աշոտյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել  կրթական ծրագիր մշակելու ուղղությամբ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն այս հարցում ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը:

Դեսպան Թիան Չան Չունն  առաջարկն ընդունելի է համարել`  ընդգծելով, որ  2010 թվականին Հայաստանի նախագահը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ ներկայացրած  երկու երկրների կրթական համագործակցության ընդլայնմանը միտված առաջարկությունները որոշակիանում է ԿԳՆ-ի հետ համգործակցված աշխատանքի արդյունքում: Միաժամանակ դեսպանը նշել է, որ նախագծի իրականություն դառնալու դեպքում Հայաստանի չինարենի ուսուցմամբ  միջազգային դպրոցը կլինի ձեւի եւ բովանդակության առումով բացառիկը նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ  հայ-չինական կրթահամալիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանի այլ երկրներում: «Չինական  հրաշքի մասին ողջ աշխարհն է հիացմունքով խոսում: Ես հույս ունեմ, որ մենք  համատեղ ջանքերով   կկարողանանք Հայաստանում ստեղծել փոքրիկ չինական հրաշք»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  նաեւ բարձրագույն կրթության ոլորտում  հայ-չինական համատեղ ծրագրերին,  կարեւորվել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը: