Ոստիկանության թողարկած բոլոր անձնագրերը հանձնվում են սեփականատերերը: Այդ մասին հայտարարել է ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ ոստիկանությունը հրապարակել է անձնագրերի հրատարակման եւ հատկացման ժամանակացույցը, ինչը նախկինում չի արել:

«Ուստի հայտարարությունները, թե ոստիկանությունն ավելորդ անձնագրեր է տպագրել, անհիմն են»,- հավաստիացրել է նա` պատասխանելով ընտրական մեքենայությունների համար ավելորդ անձնագրերի տպման մասին հարցին:

Խոսելով նոր կենսաչափական անձնագրերի մասին, նա նկատել է, թե քաղաքացու մատների նշումները կօգտագործվեն միայն ամբողջական նույնականացման համար, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական նպատակներով:

Քոչարյանը համաձայնվել է, որ նոր տիպի անձնագրի վճարը` 25 հազար դրամ, մատչելի չէ բոլորի համար: «Հենց այդ պատճառով էլ մենք դա պարտադիր չենք դարձնում: Սովորական, ոչ կենսաչափական անձնագրերը չեն հանվելու շրջանառությունից, եւ ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կարող է ընտրել ինչպես նոր կենսաչափական, այնպես էլ հին անձնագիրը: Միակ տարբերությունն այն է, որ կենսաչափական անձնագիրն ավելի հուսալի է եւ պաշտպանված կեղծիքներից»,- հստակեցրեց Քոչարյանը: Անձնագրային բարեփոխումն, ըստ Քոչարյանի, իրականացվելու է Եվրամիության հետ վիզային ռեժիմի մեղմացման համար: