Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ մայիսի 24-ին, 20:20-ին Ստամբուլում տեղի է ունեցել հայ եւ թուրք մասնակիցների Pecha Kucha ներկայացում-երեկոն, որի ընթացքում մասնակիցները 20 պատկերի եւ ամեն պատկերում 20 վայրկյան ժամանակահատվածում ներկայացրել են իրենց ասելիքը:

2011-ի նոյեմբերի 8-ին Երեւանում տեղի էր ունեցել  Pecha Kucha-ի Երեւանի եւ Ստամբուլի մասնակիցների հանդիպումը, որից հետո որոշվել էր պատասխան երեկոն կազմակերպել Ստամբուլում:

Թուրքական կողմի մասնակիցներից Էմրե Գյունեշը, ով հանդիսանում է թուրքական PLD Turkiye ճարտարապետական ամսագրի գլխավոր խմբագիրը,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը սիրով ընդունել էր 2011-ի նոյեմբերին Երեւանում անցկացված Pecha Kucha-ին մասնակցելու հրավերը: Նա շեշտեց, թե տեղյակ էր հայ-թուրքական հակամարտության մասին եւ համաձայնվեց մասնակցել, քանի որ նման միջոցառումները առիթ են ունենալ մշակույթային փոխհարաբերություններ՝ դրական ազդելով երկու ժողովուրդների միջեւ հաշտությանը:

Pecha Kucha-ի երեւանյան կազմակերպիչ Վահե Բալուլյանը նշեց, որ Pecha Kucha-ն, որը ճապոներեն նշանակում է «ասել-խոսել», առաջացել է Ճապոնիայում 2003-ին, որից հետո դրա գաղափարը դուր է եկել շատերին:  Նա ասաց, որ ներկայումս ավելի քան 500 քաղաք լիցենզիա է ստացել՝ իրականացնելու Pecha Kucha, այդ թվում՝ Երեւանը, որն արդեն մասնակցել է 10 միջոցառման:

Դահլիճում մեծ հետաքրքրություն առաջացրեց հայ մասնակիցներից Հովակիմ Սաղաթելյանի պատրաստած ներկայացումը՝ «Թե ինչպես էի ես հրավիրվել Ստամբուլ Սուլթան Մեհմեդի կողմից. պատմություն պատմության մասին» վերնագրով: Սաղաթելյանը նշեց, որ ինքը պատմական գիրք է գրում, որտեղ խոսվում է հայերի եւ թուրքերի հարաբերությունների մասին, թե ինչպես թուրքերի ամենահայտնի Սուլթանը՝ Մեհմեդը Բուրսայից Կոնստանդնուպոլիս հրավիրեց Հայոց պատրիարք Հովակիմին՝ հայերին տալով արտոնություններ մյուս ազգերի նկատմամբ, եւ թե ինչպես այդ վերաբերմունքը հետագայում փոխվեց: