Զուտ դասական առումով, եթե «Բարգավաճ Հայաստանը» չի վերցնում որեւէ պորտֆել իշխանության մեջ, դառնում է ընդդիմություն, սակայն ընդդիմադիր կեցվածքը պետք է ԲՀԿ-ն որոշի: Այդ մասին, այսօր` մայիսի 25-ին, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով կոալիցիան լքելու ԲՀԿ-ի որոշումը:

Զուրաբյանը ստեղծված իրավիճակը լավ պատկերացնելու համար առաջարկեց վերլուծել Հայ ազգային կոնգրեսի քայլերը, հատկապես 2011թ. հոկտեմբերին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքական վերլուծությունից հետո:

«Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ասաց, որ եթե ԲՀԿ-ն սահմանազատվի այս ռեժիմից, նաեւ Ռոբերտ Քոչարյանից, ապա հնարավոր է համագործակցել ԲՀԿ-ի հետ ընտրությունների վերահսկման շուրջ»,- նշել է Զուրաբյանը` հպարտությամբ ընդգծելով միասնական շտաբի ձեւաչափում համագործակցությունը, որի արդյունքում փլուզվեց կոալիցիան:

ՀԱԿ համակարգողն առայժմ հստակ չի համարում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետագա համագործակցության հարցը. «Խորհրդարանի ձեւաչափը կարող ենք օգտագործել»:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ԲՀԿ-ի որոշման մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը, Լեւոն Զուրաբյանը նշեց, թե Քոչարյանի միջամտությունը չի տեսնում. « Ես ընդհանրապես տեսիլքներ ունենալով չեմ տառապում»,- նշել է նա: