Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունը սառեցված չէ, հաղորդում է Today Zaman-ը:

«Չեմ կարծում, որ նախաձեռնությունը սառեցված է: Թուրքիային եւ ողջ տարածաշրջանին անհրաժեշտ է զերծ մնալ այդ վեճից: Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ` լայն մասշտաբով»,-հայտարարել է նա, ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցի:

«Մենք հասարակական եւ պաշտոնական կազմակերպությունների առաջ խնդիր ենք դրել. ստատուս քվոն չի օգնում Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին»,-հավելել է Գյուլը:

2009-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին Երեւանն ու Անկարան հայտարարել էին երկկողմ հարաբերությունները կարգավորելու իրենց մտադրության մասին, իսկ հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվել էին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանից մեկ տարի անց, 2010-ի ապրիլի 22-ին, հայկական կողմը ստիպված էր առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում: Դա պայմանավորված էր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմամբ, որը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապում էր ԼՂ խնդրի կարգավորման հետ: