Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը ողջունել է շվեդական «Expressen» թերթում հրապարակված հոդվածը, որտեղ նշվում է, որ ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը զբաղված է ադրբեջանական շահերի լոբբինգով:

Ասոցիացիայի հայտարարությունում նշվում է, որ ըստ հոդվածագրի, Լինդբլադն աշխատում է Եվրոպական ադրբեջանական ընկերակցության համար: «Դեռեւս 2010 թվականի սեպտեմբերին, երբ նա Շվեդիայի խորհրդարանի անդամ էր, Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը հայտարարել էր, որ նա բացահայտորեն զբաղվում է Ադրբեջանի շահերի լոբբինգով»,-ասված է շվեդահայերի հայտարարության մեջ:

Նույն թվականին նա ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ նախագիծ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որը մերժվել է:

Միաժամանակ նա հերքում էր ցանկացած քննադատություն եւ մեղադրում հայկական կողմին իր անձի դեմ ուղղված հարձակումների մեջ:

Շվեդահայերի միությունը ողջունում է Լինդբլադի ոչ օբյեկտիվության մասին հաստատումները, անհանգստություն հայտնելով, որ «ադրբեջանական նավթից ստացվող փողերը, ակնհայտորեն, հայտնվում են այնպիսի կազմակերպություններում, որոնք պետք է ԼՂ կարգավորման գործընթացում միջնորդ լինեն»: