Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կրճատումը չէր կարող մեծ ազդեցություն ունենալ հայկական դրամի արժեզրկման գործում: Այսօր` մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նա հիշեցրել է, որ նման երեւույթներ տեղի են ունեցել նաեւ նախկինում: «Դա կարող է ազդեցություն ունենալ, բայց ոչ  շատ զգալի», – հավելել է Մանասերյանը:

Միաժամանակ, ասել է նա, չնայած դրամի արժեզրկմանը, դրամով արտահայտված  գները շատ չեն բարձրացել:

 «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ, հաշվի առնելով 2013թ. նախագահական ընտրությունները, ներդրողները խոշոր նախագծերը կհետաձգեն»,-նշել է փորձագետը:

Պատասխանելով հարցին` կարո՞ղ էր արդյոք փոխարժեքն ընկնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` իշխող կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, Մանասերյանը նշել է, որ վարկանիշով քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ, բայց սոսկ կարճաժամկետ:

Ֆինանսական կայունությանը, ըստ նրա, կնպաստի ներքին ներդրումների մեխանիզմի ստեղծումը: Եթե կապիտալն այս կամ այն չափով չներդրվի երկրի ներսում, ապա արտասահմանյան ներդրումները կազդեն երկրի արտաքին պարտքի վրա` ավելացնելով մասնավոր հատվածի պարտքը:

Հիշեցնենք, որ վերջին երեք շաբաթում դոլարի փոխարժեքն աճել է 392-ից մինչեւ 407 դրամի: