Սահմանադրական դատարանն, այսօր` մայիսի 31-ին, մերժեց Հայ ազգային կոնգրեսի դիմումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց ուժի մեջ: Այս մասին հաղորդեց NEWS.am-ի թղթակիցը ՍԴ-ից:

Նրա փոխանցմամբ`  ՍԴ-ն որոշեց.

1. ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելու ԿԸՀ մայիսի 13-ի թիվ 265 Ա որոշումը թողնել ուժի մեջ,

2. Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հետաձգել էր Հայ ազգային կոնգրեսի հայցի քննությունը մինչեւ  մայիսի 30-ը: ՍԴ-ն կողմերին առաջարկել էր հանդես գալ եզրափակիչ խոսքով, ինչին ի պատասխան ՀԱԿ լիազոր-ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասել էր, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրավոր չի ներկայացրել իր հարցերի պատասխանները, հետեւաբար պատրաստ չէ հանդես գալ: Փաստաբանը մեկօրյա ժամկետ էր խնդրել: ՍԴ-ն որոշել էր նիստը հետաձգել մեկ օրով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՍԴ-ն մայիսի 25-ին սկսել է քննել Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: