2012 թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 104.4 հազ. զբոսաշրջիկ, ինչն 9 տոկոսվ կամ մոտ 10 հազարով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Միեւնույն ժամանակ` հանրապետությունից զբոսաշրջության նպատակով մեկնել է 120 հազ. մարդ, ինչը 1.9 տոկոսվ գերազանցում է 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք սակայն, որ Հայաստանից մեկնածների չնչին մասն է օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից (ընդամենը` 2251 մարդ):

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության` զբոսաշրջիկ են համարվում նաեւ գործնական նպատակներով կամ հարազատներին այցելող քաղաքացիները, եթե այցելությունը տեւում է 24 ժամից ոչ պակաս ու 1 տարուց ոչ ավելի:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներից մոտ 19%-ը կամ 19.1 հազ. մարդ հանգրվանել է հյուրանոցներում, ընդ որում այդ թիվը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10%-ով:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում պայմանավորված է Նովրուզի տոներին Իրանից զբոսաշրջիկների այցելությունների կրճատմամբ: