Կապադովկիայի Կեսարիա (Ներկայիս Կայսերի) քաղաքը, որը նշանակալի դերակատարում է ունեցել հայ եկեղեցու պատմության մեջ, շարունակում է մնալ պոլսահայ համայնքի համար կարեւորագույն ուխտատեղիներից մեկը, քանի որ այնտեղ է գտնվում 1191 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում  հայ եւ թուրք լրագրողների խումբն այցելեց Կեսարիայի ամենահին հայկական առաքելական  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ինչպես Կայսերիից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հայկական եկեղեցու մուտքի մոտ լրագրողների խմբին սիրով դիմավորեց եկեղեցու խնամքն ու պահպանությունը կամավոր ստանձնած պոլսահայ Կարապետ Ստեփանյանը:

Լրագրողների հետ զրույցում Կարապետ Ստեփանյանը նշեց, որ տարին 2 անգամ պոլսահայ ուխտավորները մեծ խմբերով այցելում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ` մասնակցում պատարագի: «Տարվա ընթացքում եկեղեցի այցելողները քիչ են: Կայսերիում 4 հայ է մնացել: Եկեղեցի են այցելում նաեւ Կայսերի ժամանող արտասահմանիցները, ինչպես նաեւ ժամանակին Կայսերիից հեռացած հայերի ժառանգները»,-նշեց պարոն Կարապետը:

Եկեղեցու կառուցման տարեթիվը 1191 թվականն է համարվում, սակայն որոշ պնդումների համաձայն, եկեղեցին ունի ավելի հին պատմություն եւ այնտեղ է 4-րդ դարի սկզբում ձեռնադրվել Գրիգոր Պարթեւը` դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայ առաջին հայրապետը: Եկեղեցին բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել: Դրանցից են` 1859-ին, 1885-ին, 1996-ին եւ 2009-ին իրականացված վերոնորոգումները: Եկեղեցուն կից 1868-ին հիմնվել է Գյումուշյան վարժարանը, որն այսօր ավերակ վիճակում է:

Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերջին վերանորոգումը սկսվել է 2008-ի սեպտեմբերի 28-ին եւ ավարտվել 2009-ի աշնանը: Այդ ընթացքում իրականացվել է եկեղեցու տանիքի եւ ճակատային հատվածի վերականգնման աշխատանքներ:

Վերանորոգումից հետո եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերի 7-ին, իսկ առաջին պատարագը` նոյեմբերի 8-ին` Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի ղեկավարությամբ: