ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր` հունիսի 5-ին, ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությանը:

Ադիլբեկ Ջակսիբեկովը կարեւորել է պատվիրակության` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը:

Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, պաշտպանության, անվտանգության բնագավառներում փորձի եւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական փոխգործակցության խթանման, այս ոլորտում նորմատիվային բազայի հստակեցման ուղղությամբ ձեռնարկված եւ պլանավորվելիք քայլերի կարեւորությունը: 

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջեւ, ի լրումն պաշտպանության ոլորտի, առկա է համագործակցության մեծ ներուժ նաեւ այլ ոլորտներում, եւ երկու երկրների նախագահների կառուցողական եւ ակտիվ երկխոսությունը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման համար:    

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: