Ադրբեջանը սահմանային միջադեպերը շաղկապում է բարձրաստիճան անձանց այցերի հետ: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, եթե Ադրբեջանը փորձում էր Հայաստանի սահմանին բախումներով նշանավորել պետքարտուղար Քլինթոնի այցը, ապա դժվար է դա իմաստուն որոշում համարել:

«Հստակ է, թե ինչու է Ադրբեջանը լարվածության ձգտում եւ դա կապում բարձրաստիճան անձանց այցերին: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի համակերպվել ստատուս-քվոյի հետ, նաեւ փորձում լրջություն հաղորդել իր ռազմատենչ հայտարարություններին»,- ասել է Մինասյանը: Սակայն այդ քայլերը հակառակ արդյունքն են տալիս` դիմադրություն հայկական կողմից:

«Հատկապես լավ դա երեւաց հունիսի 4-ի, լույս 5-ի գիշերը, երբ պատասխան գործողություններ ձեռնարկեցին Հայաստանի Զինված ուժերը, իսկ որոշ տվյալներով` նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակը»,- նշել է Մինասյանը:

Փորձագետը նաեւ զարմանալի է համարում, որ միջադեպերը տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, վերջին տասնամյակում հիմնական լարվածությունը կենտրոնացած է եղել ղարաբաղյան ճակատում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի