Ռուսաստանի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան նոյեմբերի 21-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մարզահամերգային համալիրից: Տոմսերի վաճառքը արդեն սկսված է, դրանց գները սկսվում են 5000 դրամից եւ հասնում մինչեւ 100 հազար դրամի: 2 ժամ տեւողությամբ համերգը նախատեսված է անցկացնել մեծ դահլիճում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տոմսարկզից մեզ հավաստիացրին, որ արդեն հետաքրքրվողներ կան:

Իսկ մինչ Իրինա Ալեգրովայի համերգը հոկտեմբերի 6-ին նորից Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա  երգիչ Ստաս Միխայիլովի համերգը: Այդ համերգը եւս կկայանա մեծ դահլիճում, նախատեսված է երկու ժամ տեւողությամբ համերգ: Տոմսերի վաճառքը սկսվել է, դրանց գները տատանվում են  5-100 հազար դրամի սահմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան հունվարի 20-ին տոնել է 60-ամյակը եւ հայտարարել բեմը լքելու մասին:

«Ես շատ ծրագրեր ունեմ, որոնք պետք է հասցնեմ իրականացնել: Առաջիկայում իմ հրաժեշտի շրջագայությունն է լինելու, որի նախապատրաստական աշխատանքները լայն թափով իրականացվում են»,-ասել է երգչուհին: Տոնական համերգը  մեկնարկել է  «Օլիմպիական» համալիրում մարտի 7-ին եւ կոչվել է «Հրաժեշտի շրջագայություն: Շոու` ընկերների եւ հյուրերի մասնակցությամբ»:  Երգչուհին խոստացել էր կատարել գրեթե բոլոր հիթերը, ինչպես նաեւ բացարձակապես նոր երգեր, կլինեն նաեւ անակնկալներ: Ռուսաստանի մայրաքաղաքից հետո նա պատրաստվում էր հանդես գալ նաեւ ԱՊՀ երկրներում, Եվրոպայում եւ Ամերիկայում: Բեմը լքելու իր որոշման մասին Ալեգրովան հայտարարել էր  անցած տարեվերջին, գրել է  km.ru-ն:

Նշենք, որ Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը  թատրոնի ռեժիսոր, դերասան, ՌԽՍՖՀ  եւ Ադրբեջանական ԽՍՀ  վաստակավոր արտիստ,  հայազգի Ալեքսանդր Ալեգրովն էր:  Իրինա Ալեգրովայի ստեղծագործական վերելքն սկսվեց 1990-ականներին: 2010 թ-ին նա արժանացավ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: