Այսօր` հունիսի 7-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի զորամասերից մեկում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակիցը, մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ հյրդեհը բռնկվել է զորամասերից մեկի թեյարանում: Դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից միանգամից  3 մարտական հաշվարկ:

Աշխատանքները ղեկավարել է անձամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մարատ Սարիբեկյանը: NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ հրդեհը բռնկվել է թեյարանի ձեղնահարկում, արագ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը:

Վարչության պետը չցանկացավ նշել, թե որն է եղել հրդեհի պատճառը, միայն ասաց, որ դեռեւս չկան նաեւ տվյալներ պատճառված վնասների չափերի մասին: «Տղաները դեռ ենտեղ են, կարճ ժամանակից արդեն կիմանանք, թե ինչքան վնաս է պատճառվել, Ձեզ էլ կասենք»-ասաց Մարատ Սարիբեկյանը, նշելով, որ հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ հրամանատարական կազմը: