Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ)  հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ վիրավորված հայ զինվորներից մեկի առողջական վիճակը բավարար է, մյուսինը` կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Նա տեղեկացրեց, որ վիրավորները գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում: Ծանր վիճակում գտնվող Վոլոդյա Յուրայի Ծատրյանի գիտակցությունը տեղն է, խոսում է: Իսկ բավարար վիճակում գտնվում է մյուս զինվորը` Արայիկ Գեղամի Մավրեյանը:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհված  կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանի մասին այլ տվյալներ չեն հաղորդվում, մասնավորապես, թե նա որտեղից էր զորակոչվել, ինչքան ժամանակ էր մնում ծառայության ավարտին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել էր ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել էին պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնել էին, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել էին շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: