Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով 5 վիրավորների եւ 2 զինծառայողների մահվան փաստով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ժամկետային զինծառայողներ Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի եւ Կարեն Կամոյի Դավթյանի մահվան եւ Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը վիրավորվելու փաստի առթիվ հարուցվել է Քրգործ` ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի  1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով (սպանություն` երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանի վիրավորվելու եւ զինծառայող Հրաչ Սամվելի Սարգսյանի մահվան փաստի առթիվ նորից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին  եւ 6-րդ կետերով (սպանություն, երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Վիրավորներն են ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: