Սիրիայի Հաֆա  շրջանում եւ Լաթաքիա նահանգի Թֆիլ բնակավայրում խաղաղ բնակչության դեմ արյունահեղ հանցագործությունների կազմակերպիչները եւ իրականացնողները փորձում են դրանց կատարման մեջ մեղադրել կառավարական զորքերին, հաղորդում է  սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է  Գեյս Մուհամեդ Սադիկ Քիլի եւ թուրքական SIM քարտից օգտվողի միջեւ հեռախոսազրույցը:  Զրույցից պարզ է դառնում, որ նրանք արյունահեղ հանցագործություններ են  պատրաստում Հաֆայի եւ Լաթաքիա նահանգի Թֆիլ բնակավայրի բնակիչների դեմ: 

Նրանցից մեկն ասում է. «Թֆիլ բնակավայրից գերվածներին մորթեք եւ համացանցում տեղադրեք նրանց նկարները: Թող մեր տղաները տեղեկատվական հաղորդում կազմակերպեն, որից պարզ դառնա, որ այդ  հանցագործությունը կատարել են պետության աջակիցները:

Սպանվածներին մի շարքով դրեք,  հանեք նրանց շորերը եւ գոռացեք, որ մորթ է տեղի ունեցել: Ամեն ինչ արագ արեք, քանի որ մոտակա երկու օրում նախատեսվում է  Սիրիայի իրավիճակի  վերաբերյալ հերթական միջազգային քննարկումը»:

Ավելի վաղ Հաֆա քաղաքում ահաբեկիչներն այրել էին հիվանդանոցը եւ տեղական կառավարման մարմինների շենքերը, բազմիցս հարձակվել էին պետական եւ մասնավոր սեփականությունների վրա, զբաղվել էին թալանով, գազանաբար էին վարվել խաղաղ բնակիչների հետ: