Շոգերն ընկնելուն պես բոլորն շտապում են տարբեր լողափեր, գետեր, արհեստական ու բնական լճակներ, ինչը պարունակում է նաեւ մի շարք վտանգներ, որոնցից առաջին ջրահեղձումն է:

ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն նախորդ տարի մարզում գրանցվել է ջրահեղձման երկու դեպք: Առաջին դեպքը գրանցվել է հունիսի 1-ին` Ձորագետ գետում: Ամրակից գյուղի բնակիչ, 13-ամյա Մանվել Մարգարյանը ընկերների հետ փորձել էր անցնել գետը, սակայն վերջինս չէր կարողացել, սայթաքել էր, ու գետը նրան քշել տարել էր: Փրկարարներին շուրջ 5 օր պահանջվեց, մինչեւ փոքրիկի մարմինը գտան:

Նախորդ տարվա երկրորդ եւ վերջին դեպքը գրանցվել է օգոստոսին, Ուրասար համայնքի տարածքում` Սեւ ջուր կոչվող գետում: Վահագնի գյուղի բնակիչ, 31-ամյա Սլավիկ Գաբրիելյանը աշխատանքից հետո որոշել էր մտնել գետն ու թարմանալ, սակայն գետի նշված հատվածը, որը ավելի շատ լճակի էր նման, շատ խորն է եղել, եւ Սլավիկը խեղդվել էր: Մարմինը ջրասուզակների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դուրս էր բերվել ջրից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Այս տարի մարզում գրանցվել է ջրահեղձման մեկ դեպք: Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հարություն Կնյազյանը եղբոր եւ ընկերների հետ այցելել էր Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքի տարածքում գտնվող հանգստայն գոտիներից մեկը, կերուխում են արել, այնուհետ Հարությունի եղբայրը մտել էր ջուրը ու սկսել էր խեղդվել: 22-ամյա Հարությունը հակառակ ափից նետվել էր ջուրը եղբորը փրկելու, սակայն հենց ինքն էլ խեղվել էր:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզային փրկարար ջոկատի ջոկի հրամանատար Արմեն Առաքելյանը ազգաբնակչությանը կոչ արեց ամռան ամիսներին չափազանց զգույշ լինել եւ զերծ մնալ տարբեր լճերում լողանալուց: «Մեր ջրերը շատ սառն են, սա պետք չէ նմանեցնել Սեւ ծովին կամ արտասահմանյան լճերին, պետք չի նախ ոգելից խմիչք օգտագործած վիճակում մտնել ջուրը, քանի որ մեծ տարբերություն կա մեր ջրերի եւ աղի ջրերի միջեւ»,-ասաց նա, ծնողներին խորհուրդ տալով փոքրերին հեռու պահել գետերից:

 

Լուսանկարները ` Էդվարդ Արզումանյանի