Հայաստանի երկնքում հունիսի 11-ի երեկոյան հայտնված երկու լույս արձակող օբյեկտները կարող են լինել ինչ ասես, միայն ոչ չբացահայտվված թռչող օբյեկտ (ՉԹՕ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, դա, ամենայն հվանականությամբ, տիեզերական կամ մթնոլորտային երեւույթ է:

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանում նկատել են մթնոլորտի լիցքաթափվող շերտերի լուսավորումները: Այն կարող է առաջ բերել մթնոլորտում այրվող ցանկացած օբյեկտ: Դա տեսողական խաբկանք է, որը չի արտացոլում օբյեկտի իրական ձեւն ու չափերը: Դա կարող է լինել նաեւ մարդու կողմից ստեղծված ինչ-որ սարք, մասնավորապես ռազմական»,-նշեց աստղագետը, հավելելով, որ չի բացառվում ու դա այս կամ օբյեկտի հայելային արտացոլումը լինի երկնքում:

«Ինչ վերաբերում է ԹՉՕ-ին, ապա այդ վարկածը միշտ էլ առաջ է քաշվում, բայց դա անլուրջ է: Մարդկության ողջ պատմության ընթացքում ոչ ոք երբեք ՉԹՕ չի տեսել»,-ասաց նա, վավելելով. հունիսի 8-ի հենց հաջորդ օրը, երբ երկնքում առաջին անգամ տարօրինակ մարմին երեւաց, ինձ սկսեցին անընդհատ զանգահարել, եկան հեռուստատեսությունից: Իմ կյանքում առաջին անգամ մեկ օրում ես 11 հարցազրույց տվեցի եւ բոլորը ուզում էին իմանալ ՉԹՕ-ի մասին, թեեւ խոսքն ընդամենը ռուսական միջմայրցամաքային հրթիռի մասին էր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:

Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:

Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:

Հատկանշական է, որ լույս արձակող օբյեկտը նկատվել է Իսրայելում հարյուրավոր մարդկանց կողմից: Ոստիկանություն են ստացվել  մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին  երկրի բոլոր շրջանների բնակիչները:

Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն:

Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով  21:39-ին` Աստրախանի շրջանում:

Բացի այդ, հունիսի 11-ի երեկոյան Երեւանի երկնքում կրկին լուսարձակող օբյեկտներ են նկատվել: NEWS.am-ի թղթակցի կողմից արված լուսանկարների մեծացման եւ մանրազնին դիտելու արդյունքում պարզվել է, որ նկարներից մեկում միաժամանակ երկու օբյեկտ են երեւում:

Նկատելի է կապույտ կրակե «պոչ», որը նման է ավելի պարզ երեւացող  առաջինին: Սակայն պոչերի դիրքն այլ է, այնպիսի տպավորություն է, կարծես թե 2 օբյեկտներ տարբեր կողմերից  ինչ-որ բան են դիտում ներքեւում:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ առաջին օբյեկտի կողքին կապույտ երանգին, որը կարող է լինել երրորդ` ավելի հեռու օբյեկտի հետքը:

Օբյեկտները քաղաքի երկնքում են եղել մոտ մի րոպե, քանի որ կադրերը նկարվել են րոպեական ընդմիջմամբ: