Ղազախստանցի սահմանապահ Վլադիսլավ Չելախը, որը, դատախազության հաղորդմամբ, խոստովանել էր 14 ծառայակիցներին սպանելը, մոր հետ տեսակցության ժամանակ ասել է, որ նման բան չի արել:

Սվետլանա Վաշչենկոն «Վրեմյա» թերթին պատմել է, որ ստիպված է եղել թուղթ ստորագրել այն մասին, որ համաձայն է տեսակցության նկարահանմանը:

«Ինձ մի փոքրիկ սենյակ տարան: Հետո  մի քանի մարդ մտան տեսախցիկներով: Նրանք նկարահանում էին հանդիպման այդ 5 րոպեները, որպեսզի Վլադն ինձ ոչ մի ավելորդ բան չասի: Ես լաց եղա, մոտեցա որդուս, նա ինձ գրկեց եւ ասաց ականջիս. "Մայրիկ, Ես դա չեմ արել"» - զինծառայողի մոր խոսքերը մեջբերում է  հրատարակչությունը:

Ըստ կնոջ` որդու երեսին կապտուկ էր եղել:

Մայիսի վերջին Ղազախստանի սահմանային ուղեկալում, որտեղ ամռանը ծառայում են 15 սահմանապահներ, հայտնաբերվել էին 14 սահմանապահների եւ որսորդի այրված մարմինները: Մի քանի օր անց ձերբակալվել էր 15-րդ սահմանապահը` զինվոր Վլադիսլավ Չելախը: Ըստ հետաքննության` նա սպանել էր իր  ծառայակիցներին եւ որսորդին, այնուհետեւ այրել սահմանային ուղեկալը: