Երեւանում, այսօր` հունիսի 13-ին, գիշերը ժամը 01.55-ին 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, իսկ 3-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից: 

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ Մարգարիտա Գիլարյանը մահացել է, իսկ Շամիրամ Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է: Շամիրամ Գեւորգյանը հայտնել է, որ իրենք պարուհիներ են, իսկ մահացածը պարուհի Մագան է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ NEWS.am-ին տեղեկացնում են, որ հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խանջյան եւ Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 33 LD 321 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 29-ամյա Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք եւ բախվել սյանը:

Պատահարի հետեւանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ 1985 թ. ծնված  Մարգարիտա Գիլարյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: