NEWS.am-ին մանրամասնություններ են հայտնի դարձել օրերս Գյումրիում հնչած կրակոցների մասին:

Հունիսի 10-ին կրակել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսայի` ավագանու անդամ Անդրանիկ Խաչատրյանի վրա, սակայն Շիրակի ոստիկանությունից այդպես էլ հստակ տեղեկություններ չտրամադրեցին դեպքի վերաբերյալ:

NEWS.am-ին տեղեկություններ են հասել, որ իսկապես կրակոցներ հնչել են, ավելին այդ գործով նույնիսկ բերման է ենթարկվել մեկ մարդ՝ 32-ամյա Գառնիկ Գրիգորյանը:

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Սպիտակ ճանապարհին: Անդրանիկ Խաչատրյանը եւ մի տղամարդ վեճի են բռնվել երկու հոգու հետ, ինչն էլ թեժացել է եւ մյուս կողմից կրակել են Խաչատրյանի վրա: Առայժմ բերման է ենթարկվել Գառնիկ Գրիգորյանը:

Ավելի վաղ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանը հերքել է այդ լուրերը, նշելով. «Էս քաղաքում ինչ ասես չեն տարածում, ավելորդ խոսակցություններ են»: