Երեւանի խաղահրապարակներում մի երիտասարդ կին գող է շրջում, ով հիմնականում հափշտակում է երեխաների իրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին մի քանի ծնողներ պատմել են, որ իրենց երեխաների վրայի իրերը մասնավորապես ոսկյա ականջօղերը տարբեր ժամանակներում միեւնույն բակում անհետացել են:

Այս առեղծվածային հափշտակության շրջանակներն ընդլայնվելուց հետո մի քանիսը դիմել են իրավապահներին: Պարզվել է, որ 27-28-ամյա ոմն Գայանե շրջել է խաղահրապարակներում ու սիրաշահելով փոքրիկ երեխաներին, որոնց վրա կա ոսկյա զարդեր, հափշտակել է դրանք: Կեղծ հոգատարությամբ մոտեցել է երեխաներին ու զգուշացրել, իբրեւ իրենց ականջողերի փականները բացվել են: Եւ ամրացնելու փոխարեն նա աննկատ հանել է ոսկյա ականջօղն ու տեղը պլասմասե ականջօղ տեղադրել: Ոստիկանությունից եւս հաստատեցին, որ իրենց մոտ նման բողոքներ են եղել, ինչից հետո բերման են ենթարկել մանկական ոսկյա զարդեր հափշտակողին: Նրա ինքնության մասին մանրամասներ չհայտնեցին: