Որպես ԵԱՀԿ նախագահ ինձ շատ են անհանգստացնում վերջին օրերին շփման գծում տեղի ունեցող միջադեպերը»,-ասյ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը:

Բաքվում նրա հանդիպումների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Վաղը ես հանդիպումներ կունենամ Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մեզ շատ են անհանգստացնում վերջին օրերին շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, որոնք հանգեցնում են մահվան: Կքննարկվի նաեւ հրադադարի ռեժիմը եւ շփման գծից դիպուկահարների հետկանչի հարցը»,-ասել է նա:

Ղարաբաղ այցելելու Հայաստանի առաջարկի վերաբերյալ, ըստ APA գործակալության, Գիլմորը նշել է, որ ինքը մտադիր չէ այցելել հակամարտության գոտի: «Ես այդ հարցը կքննարկեմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ես մտադրություն չունեմ այցելություն կատարել Լեռնային Ղարաբաղ»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էյմոն Գիլմորը, հունիսի 12-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում խուսափել էր պատասխանել հարցին, արդյոք ճիշտ չէ՞ր լինի Լեռնային Ղարաբաղ այցելել` իրավիճակին տեղում ավելի լավ ծանոթանալու համար:

Ի պատասխան Էյմոն Գիլմորը հիշեցրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի առկայության մասին:

«Կա մեխանիզմ այդ բարդ հանգույցի լուծման համար: Ես ինքս աջակցում եմ գործընթացին»,- ասել էր Գիլմորը: Նա նաեւ հիշեցրել էր կարգավորման սկզբունքները` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: «Հենց դա եմ ես ուզում հասցնել հասցեատերերին Երեւանում եւ Բաքվում»,- ասել էր Գիլմորը` հավելելով, որ առաջընթաց է ակնկալում Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: