Երեւանում, հունիսի 13-ին, գիշերը ժամը 01.55-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացողը «Մագա դանս» պարային համույթի ղեկավար  Մարգարիտա  Գիլարյանն էր (Մագա): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա ընկերները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նույն վթարի հետեւանքով իրենց մոտ է տեղափոխվել նաեւ Շամիրամ Գրիգորյանը, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ուղեղի ցնցում, նաեւ երկու անրակներն են կոտրվել: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց անպայման պետք է բժիշկների հսկողության ներքո լինի, որպեսզի մի փոքր վիճակը կարգավորվելուց հետո նորից հետազոտություններ անցնի:

Մարգարիտայի ընկերների փոխանցմամբ, Մագան եղել է «Gold star» խմբի պարուհիներից մեկը, այնտեղից դուրս գալուց հետո բացել է իր անհատական խումբը:

Նրա ղեկավարած խումբը եւ անձամբ Մագան հիմնականում պարում էին լատինամերիկյան, ժամանակակից պարեր, ելույթներ ունենում տարբեր ակումբներում, երգիչ, երգչուհիների համերգներին, օրինակ` երգչուհի Նանայի, երգիչ Արտաշ Ասատրյանի մենահամերգին, եւ տեսահոլովակներում, օրինակ` Արման Հովհաննիսյանի «Կորել եմ, կորել եմ», Նարեկ Բավեյանի, Արծրուն Ասատրյանի, Նանայի տեսահոլովակներում: Հեռուստադիտողներին Մագան ծանոթ է նաեւ «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր շոու» հաղորդումից: Մագան ընդամենը 27 տարեկան էր, ուներ քույր եւ եղբայր, ովքեր իրենից մեծ էին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 13-ին, գիշերը ժամը 01.55-ին 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Վթրաի հետեւանքով մեկ մարդ մահացել է, իսկ 3-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Պատահարի հետեւանքով 21-ամյա Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնտեղից էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: Վարորդը` 29-ամյա Ռ. Հակոբյանը ստացել է թեթեւ վնասվածքներ եւ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Այնուհետեւ Ռոման Հակոբյանը ձերբակալվել է: Բժշկական հետազոտման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: