Եթե ՀՀԿ-ն «արագ գործի», ապա խորհրդարանի առաջիկա նիստին պատգամավորի կարգավիճակով կմասնակցեն նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ եւ 112-րդ հորիզոնականները զբաղեցնող ԱԺ նախկին պատգամավորներ Հովհաննես Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ որոշվելու է ապագա կառավարության կազմը։ Տեղեկացրել էինք նաեւ, որ ԱԺ գործող պատգամավորներ Սամվել Նիկոյանը նշանակվելու է նախարար, իսկ Ռաֆիկ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի մարզպետ։ Հենց նրանց փոխարեն էլ խորհրդարան են գնալու Հովհաննես Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանը։ Ի դեպ, երեկ հանրապետականները պնդում էին, թե ոչ ոք դեռ տեղյակ չէ, թե ինչի նախարար է նշանակվելու ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։ Երեկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ այսօր ՀՀԿ գործադիրի նիստում, որը վարելու է Սերժ Սարգսյանը, քննարկելու են ապագա կառավարության անդամների թեկնածուների հարցը, իսկ այնուհետեւ անցնելու են ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։