Առաջին անգամ Հայաստան է ժամանել Գերմանիայի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի սեփականատեր Կլաուս Վոն Հայդեբրեկը, ով ներկայացնում է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր:

Այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին բժշկական հետազոտություն անցնել եւ բուժում ստանալ Գերմանիայի լավագույն մասնագետների մոտ: Ներկայացվելու եւ քննարկվելու է Եվրոպայում «Բեդ Կռոցենգեն» խոշորագույն սրտաբանական կլինիկայի փորձը, որտեղ իրականացնում են բացառիկ վիրահատություններ` կիրառելով  նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ հիվանդանոցի մասնագետների հետ փորձի փոխանակման ծրագրերը:

Սա հնարավորություն է բժշկության ոլորտում Գերմանայի հարուստ փորձը բերել Հայաստան` նպաստելով  Հայաստանում առողջական կացության բարելավմանը եւ ճիշտ բուժում ստանալու համար բարենպաստ պայմաններ ստեղծմանը:

Բացի այդ, համագործակցության կարեւորագույն շեշտադրումներից է տուրիզմի զարգացումը Հայաստանում` Գերմանիայից ներգրավելով տուրիստական խմբեր եւ Հայաստանը դարձնելով հետաքրքիր տուրիստական գոտի որպես պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր: