Համաշխարհային առաջնորդները չպետք է «գերագնահատեն» Գերմանիայի հնարավորությունները` եվրագոտու ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման մասով: Այս մասին, այսօր` հունիսի 14-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ընդգծելով, որ եվրագոտին փրկելու իր երկրի հնարավորություններն «անսահման չեն»:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով BBC-ն, Մերկելը նաեւ կոչ է արել ավելի շատ կարգավորող լիազորություններ տալ Եվրոպայի կենտրոնական բանկին եւ կրկին ընդգծել, որ տնտեսական աճը չպետք է ֆինանսավորել վարկերի հաշվին:

«Ես ասում եմ նրանց, որ Գերմանիան ուժեղ է, Գերմանիան Եվրոպայում տնտեսական աճի շարժիչ  եւ կայունության խարիսխ է դարձել... բայց Գերմանիայի ուժերն անսահման չեն»,-ասել է կանցլերը, հույս հայտնելով, որ պարտքային ճգնաժամը կլինի Մեքսիկայում տեղի ունենալիք G20-ի գագաթաժողովի գլխավոր թեման: