Փարիզում, հունիսի 18-ին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորշումները ղարաբաղյան բանակցություններում: Այսօր` հունիսի 15-ին, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

«Մենք ցանկանում ենք շարունակել ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսությունը: Ուրախ ենք, որ երկու երկրների արտգործնախարարները ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են, եւ շատ ուրախ ենք, որ նրանք շարունակելու են բանակցել: Մենք ցանկանում ենք բոլոր կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ. այդ գործընթացը կարեւոր է: Եվ այդ ամենի իմաստն էլ բանակցությունները շարունակելն է` ղարաբաղյան խնդրում խաղաղ լուծումներ փնտրելու համար», - ասել է Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ի՞նչ նոր մոտեցումներ են ներկայացվելու Փարիզում, Ջոն Հեֆերնը պատասխանել է. «Ես այդ հարցը կուղղեի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ես համանախագահ չեմ: Մենք միշտ փնտրում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր գաղափարներ, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերները ներկայացնելու են հակամարտության կարգավորման մի քանի գաղափարներ` այդ խնդրում մոտեցնելու Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները»:

Մի քանի օրից Փարիզում կայանալիք բանակցություններին անդրադառնալով` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի` Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ կարեւոր է, որ բանակցություններ են տեղի ունենում` վերջին օրերին սահմանում գրանցված միջադեպերից հետո:

«Ասեմ, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը չկա որեւէ այլընտրանք: Մենք հույս ունենք, որ հակամարտության լուծման ճանապարհին առաջ կշարժվենք` այս հունվարին Սոչիում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման տրամաբանության հիման վրա», - ասել է Ֆրանսիայի դեսպանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հարավկովկասյան այցի ավարտին, Բաքվում հայտարարել էր, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի նոր մոտեցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։