Ընթացիկ տարվա հունվարից «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթեւի միջնադարյան վանք, սպասարկել է 10 հազար ուղեւորի ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  «Տաթեւի թեւեր» ճոպանուղու տնօերն Տիգրան Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի` «Տաթեւի թեւեր» ճոպանուղին  կարեւոր ներդրում է Հայաստանի, եւ մասնավորապես` Սյունիքի մարզի զբոսաշրջության զարգացման գործում: Նա նաեւ նշել է, որ դոլարի փոխարժեքի հետ կապված ճոպանուղու տոմսի  արժեքի բարձրացում չի նախատեսվում: Մի ուղղությամբ  տոմսի արժեքը 3000 դրամ է, երկու ուղղությամբ` 4000 դրամ: Իսկ ահա շրջակա համայնքների բնակիչների համար երթեւեկությունը 500 դրամ է, իսկ նրանց համար, ովքեր ճոպանուղուց օգտվում են աշխատավայր հասնելու համար, երթեւեկությունը անվճար է:

Ղազարյանը նաեւ հայտնել է, որ այս տարի ճոպանուղին մինչեւ դեկտեմբեր կաշխատի  նախատեսված ժամանակացույցով, իսկ հունվար-փետրվարին անցում կկատարի ձմեռային ժամանակացունյցին`տեղափոխումներ իրականացնելով միայն հանգստյան օրերին:

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է: «Տաթեւի թեւեր» ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է կազմել: Այն իրականացվել է Ազգային մրցունակության հիմնադրամի շնորհիվ: Տաթեւի վանքը գտնվում է  Գորիս քաղաքից ոչ հեռու Տաթեւ գյուղի մոտ` Երեւանից 280 կմ հեռավորության վրա: Գրաբարից թարգմանաբար  «Տաթեւ» նշանակում է  «տուր թեւեր» կամ «թռիր»: Վանական համալիրը հիմնադրվել է  IX դարում եւ Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնն է եղել, նաեւ` Հայաստանում գիտության եւ  լուսավորության կարեւորագույն  կենտրոններից մեկը (XIV—XV դդ.):