NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Ջեյմս Մորիսոնի հոդվածը, որը հրապարակվել էր  «The Washington Times»-ում:
Նախագահ Օբաման կրկին տանջալի վեճ բացեց, երբ բարձրաստիճան պաշտոնյային դեսպան  նշանակեց Ադրբեջանում, որը մահացու հակամարտության մեջ է հարեւան Հայաստանի հետ:
Ադրբեջանը հարուստ է նավթով եւ բնական գազով, նաեւ համարվում է  Կովկասում էներգետիկ քաղաքականության դաշտում գլխավոր խաղացող: Սակայն Հայաստանը ներգրավված է վաշինգթոնյան քաղաքականության մեջ, որտեղ դեպի ծով ելք չունեցող առանց էներգետիկ  պաշարների երկիրն ազդեցիկ ընկերներ ունի Կապիտոլիումի բլրում: Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի նախագահը երկրներից ցանկացածի համար դեսպան է շանակում, նրանց միջեւ  երկարատեւ հակամարտությունը գլխավորում է Սենատի լսումների նիստերում` դեսպանի հաստատման նպատակով:
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը Նյու Ջերսիից եւ Ժաննա Շահիդը Նյու Հեմփշիրից Սենատի  արտասահմանյան գործերով հանձնաժողովում այս շաբաթ հարցեր են տվել  Ռիչարդ Մորնինգսթարին: Երկու սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնց նահանգներում զգալի քանակությամբ ամերիկահայեր կան, նրանք Մորնինգսթարին հարց են ուղղել Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին:
Մենենդեսը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս զգուշացրել էր, որ «մեր գլխավոր թշնամիներն ամբողջ աշխարհի հայերն են»: Տարածաշրջանում որպես հատուկ պատվիրակ ԱՄՆ-ի շահերով զբաղվող Մորնինգսթարն այդ մեկնաբանություններն անվանել է   «ոչ արդյունավետ»:
Մենենդեսն օգնել էր արգելափակել Ադրբեջանում դեսպանի պաշտոնում  Օբամայի վերջին ընտրությունը, որը Մեթյու Բրայզան էր, քանի որ կասկածում էր, որ կարիերիստ դիվանագետը սերտ անձնական կապեր ուներ Ալիեւի եւ ադրբեջանական այլ ազդեցիկ մարմինների հետ: Օբաման  շրջանցել էր Սենատը եւ Բրայզային նշանակել էր մեկ տարով, նրա առաքելությունն ավարտվել է հունվարին: