«Թռչող Վալենդա» կրկեսային հայտնի դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչ Նիք Վալենդան կատարել է հնարք, որը վերջին անգամ կատարվել էր ավելի քան հարյուր  տարի առաջ: Ձողը ձեռքին նա կտրել անցել է Նիագարայի ջրվեժի վրայով անցկացված մետաղալարը:

«Զբոսանքը» տեւել է 25 րոպե: Քանի որ Նիագարայում ուշ երեկո էր, մետաղալարը բոլոր կողմերից լուսավորվել է հզոր լույսերով: Ըստ նախնական գնահատականների`  անցումը դիտել են մի քանի միլիոն հանդիսականներ: 

«Հիասքանչ տեսարան»,- բացականչել է լարախաղացը ճանապարհի կեսին: Ամենամեծ խոչընդոտը եղել են, ըստ նրա, ուժեղ ցայտքերը, որոնք  դժվարացրել են տեսանելիությունը, եւ մշտական քամին:

Վալենդան հենց կանադական հող է մտել, նրան խնդրել են ցույց տալ անձնագիրը, որպեսզի պաշտոնապես գրանցեն նրա ժամանումն այլ երկիր: Անցման ընթացքում լարախաղացն այն պահել է  տոպրակում` անդրավարտիքի առջեւի գրպանում, որպեսզի չթրջի, հաղորդում է «vesti.ru»-ն:

Նա 6 ձեռքբերումներ ունի Գինեսի ռեկորդների գրքում, ընդ որում, լարի վրայով ամենաերկար անցումը կատարել է հեծանվով` առանց ապահովագրության:

Նիագարան 1859 թվականին առաջինը անցել է ֆրանսիացի կրկեսային հանրահայտ լարախաղաց Ժան Ֆրանսուա Գրավլեն: Վերջին անգամ լարախաղացը  ջրվեժի վրայով անցել է 1910 թվականին, Սակայն հենց Վալենդան է  անցում կատարել ջրվեժից այդքան մոտ հեռավորությունից: