Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիե Չեթինը նամակ է գրել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեին` հայտնելով, որ թուրքական կառավարությունը լուրջ, կոնկրետ կամ անկեղծ քայլեր չի ձեռնարկել, որ կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, իսկ պատասխանատուներին պարգեւատրել է ծառայողական առաջխաղացմամբ, այլ ոչ դատավարությամբ: Այդ մասին հաղորդում է թուրքական Bianet.org-ը:

«Կառավարության գործողությունների ծրագրի բովանդակությունը հստակ ցույց է տալիս, որ լուրջ քայլեր չի ձեռնարկել»,- ասել է Չեթինը եւ հավելել. «Կառավարությունը մեղավորներին դատարանի առջեւ չի կանգնեցրել եւ շարունակել է իր հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք նոր խախտումների հնարավորություն են տալիս»:

Նշենք, որ Դինքի ընտանիքի հայցով վճիռը ներկայացվել էր Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 10-րդ (խոսքի ազատություն) եւ 13-րդ (արդյունավետ պաշտպանություն) հոդվածներով խախտումների հիման վրա: