Վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքների ավելացումը ոստիկանության եկամուտն է: Այդ մասին նշել է վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` մեկնաբանելով հունիսի 2-ին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները:

«Տուգանքներից ստացված գումարը ոչ թե բյուջե է մտնում, այլ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ», – հավելել է նա:

Մասնավորապես, համաձայն փոփոխությունների, արագությունը 11-20 կմ գերազանցելու համար տուգանքը կկազմի 10 հազ. դրամ, 21-40 կմ-ի դեպքում` 30 հազ. դրամ,  41- 60-ի դեպքում` 50 հազ. դրամ, 61 եւ ավելի դեպքում` 70 հազար դրամ, ապակիները սահմանված մակարդակից շատ մգացնելու համար`50 հազ. դրամ, ավտոմեքենան կամ մոտոցիկլետը առանց անվտանգության գոտու կամ սաղավարտի վարելու համար` 5 հազ. դրամ, ուղեւորներին առանց դեղին պետհամարանիշների վճարովի տեղափոխման համար`5 հազ. դրամ, վարորդի կողմից հետիոտնի իրավունքը խախտելու համար` 5 հազ. դրամ, վարդկանց փոխադրման կանոնները խախտելու համար` 5 հազ. դրամ:

Է. Հովհաննիսյանի խոսքով` վարորդները  գանգատվում են, որ կրկին սկսել են կաշառել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, թեեւ երկար ժամանակ է դա չէին անում

 «Տուգանքներն ավելացել են 70%-ով, եւ ոստիկանները երբեմն օգտվում են նրանից, որ վարորդը չգիտի դրանց չափը: Նրան կարող են ասել. Տուգանքը կազմում է 30 հազար դրամ, բայց դու երեք հազար վճարի ու գնա: Մի շարք դեպքերում վարորդներին կարող են չտալ  արձանագրության օրինակը, երբեմն էլ, ինչն ավելի լուրջ է`արձանագրությունն առանց նրա ստորագրության են կազմում», - նշել է Է. Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի