Ադրբեջանին շատ լուրջ բարոյահոգեբանական հարված է հասցվել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով հունիսի սկզբի դեպքերը, շփման գծում ադրբեջանական սադրանքների սկիզբը եւ հայկական կողմի պատասխանը:

Ադրբեջանական սադրանքների հետեւանքով հայ զինվորների մահվան առթիվ ափսոսանք հայտնելով` փորձագետն ընդգծել է, որ հայ կողմի պատասխանը մեծապես տարբերվել է: Ադրբեջանական բանակում սկսել են գիտակցել, որ իրենց տանում են մահվան` առանց հաշվի առնելու զոհերը:

Ըստ Ջամալյանի`  ինչքան ավելի կտրուկ լինի մեր պատասխանն ադրբեջանական սադրանքներին, այնքան ավելի շատ կլինի տարակարծությունն ադրբեջանական հասարակության մեջ, ներսից ավելի շատ կլինի Ալիեւների  կլանի վրա ճնշումը եւ ավելի կերկարի լռությունը շփման գծում:  «Մեր զինվորները սահմանին իրավիճակի տերն են», - ընդգծել է փորձագետը:

Դավիթ Ջամալյանը նաեւ նշել է  սահմանապահ գյուղերի մարտական բարձր ոգին: «Մի քանի օր առաջ ես հետեւում էի, թե ինչպես էին ֆուտբոլ խաղում սահմանի մոտ  մի գյուղի երեխաներ: Գյուղը  ժամանակ առ ժամանակ հրաձգության է ենթարկվում, սակայն բնակիչները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, եւ երեխաները խաղաղ ֆուտբոլ են խաղում.  սա մեր հողն է, մենք այստեղ եղել ենք եւ կլինենք», - եզրափակել է Ջամալյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի