Սիրիայում դադարեցվել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքը` երկրում բռնությունների սրացման պատճառով: Այդ մասին հունիսի 16-ին հաղորդել է առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը:

Ինչպես նշվում է Մուդի հայտարարությունում, դիտորդների աշխատանքի դադարեցումը վերջին նշանն է այն բանի, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի  խաղաղ կարգավորման ծրագիրը գործուն չէ, քանի որ կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչներն արհամարհում են հրադադարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դիտորդները ծրագրված հերթապահություն չեն իրականացնի եւ տեղերում կմնան մինչեւ հաջորդ կարգադրությունները», - նշել է Մուդը` հավելելով, որ առաքելության առաջարկած աշխատանքները մեծ վտանգ են պարունակում հենց դիտորդների համար եւս: