Ապրող լեգենդ, հանրահայտ Beatles խմբի անդամ սըր Փոլ ՄըքՔարթնին այսօր նշում է 70-ամյակը: Սըր Փոլին բազմաթիվ շնորհավորանքներ են հղել նրա գործընկեր երաժիշտները: 

Բրիտանական լրագրողների` այսօրվա իր  ծրագրերի մասին խոսելու վերաբերյալ խնդրանքին երաժիշտը պատասխանել է, որ օրը կանցկացնի ընտանիքի` կնոջ եւ 5 երեխաների հետ, եւ չի պատրաստվում շքեղ նշել  հոբելյանական տարեդարձը: 

«Գիտեք, ես պարզապես չեմ սիրում մեծ տոներ, երբ ամբոխ է հավաքվում: Այնպես որ մեզ սպասում է փոքր, տնական միջոցառում», - ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նվիրված երկրպագուները պատրաստվում են ՄըքՔարթնիի 70-ամյակը նշել լիվերփուլյան «Քարանձավ» ակումբում, որի բեմին 1961 թվականին քառյակն սկսել էր համաշխարհային փառքի իր ուղին:

Ռինգո Սթարը եւ նրա Աստղերի խումբը շնորհավորել են Փոլին` երգելով հռչակավոր Happy Birthday-ը:

Չնայած տարիքին` ՄըքՔարթնին ակտիվ գործունեություն է ծավալում եւ միայն երկու շաբաթ առաջ ապացուցեց բոլոր կասկածողներին, որ չպետք է իրեն մոռանալ: Նրա ելույթով է ավարտվել Ելիզաբեթ II թագուհու Ադամանդե (60-ամյա) գահակալությանը նվիրված հանդիսավոր համերգը, իսկ հուլիսի 27-ին նա պետք է ելույթ ունենա Լոնդոնում XXX Ամառային օլիմպիադայի բացման հանդիսավոր համերգին: