Հայաստանի կառավարությունը ձեւավորված է: Այդ մասին այսօր` հունիսի 18-ին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով ՀՀ կառավարության արտահերթ նիստը: «Ի կատարումն Սահմանադրության պահանջի` ՀՀ վարչապետի ներկայացմամբ ստորագրել եմ ՀՀ կառավարության ձեւավորման անհրաժեշտ բոլոր հրամանագրերը: Կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական եւ կազմակերպչական հմտություններ»,- ասաց Ս. Սարգսյանը` շնորհավորելով նորանշանակ նախարարներին:

Ս. Սարգսյանի առաջարկով կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվեց 2 հարց` ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը առաջիկա 5 տարիների համար, եւ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն`  կառավարությունը պետք է ԱԺ հավանությանը ներկայացնի իր գործունեության ծրագիրը: