Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Մանվել Սարգսյանը Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից էական ակնկալիքներ չունի, սակայն որոշ փոփոխություններ հնարավոր է լինեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փորձագետն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Երեւանում արած հայտարարությանը, թե ԱԳ նախարարների հանդիպմանը նոր առաջարկներ են ներկայացվելու:

«Բազմաթիվ անգամներ խոսվել է, որ նոր առաջարկներ են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Չի եղել որեւէ էական բան, եւ պատկերացնել, թե ինչ-որ նոր, կտրուկ մոտեցում կլինի, բավական դժվար է: Նման նախադեպ գոյություն չի ունեցել, եւ չեմ կարծում, որ սկզբունքային ինչ-որ բան կառաջարկեն»,- նշեց Սարգսյանը:

Հարցին, թե որն է պատճառը, որ նման հայտարարություն է արվում, թե նոր առաջարկներ են ներկայացվելու, փորձագետը պատասխանեց. «Հիշում եք, թե այդ պահին ինչ վիճակ էր սահմանում: Բնական է, որ նման մի հայտարարություն պիտի արվեր, եւ միակ հետաքրքիր բանը, որ եղել էր, դա Քլինթոնի արտահայտությունն էր, որով նա եւս մեկ անգամ ընդգծեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանձին խնդիր է, ղարաբաղյանը` լրիվ առանձին:

«Դա, իհարկե, տարիներ շարունակ ասվում էր, բայց այն հանգամանքը, որ Հայաստանում պետքարտուղարը հստակեցրեց, ինքնին ցույց է տալիս, որ ոչ միայն փորձում են կոնկրետ առաջարկներ անել, այլ շահագրգռված կողմերի դիրքորոշումների վրա ազդել, կոնկրետ Թուրքիայի, որը հակառակ դիրքորոշումն ունի: Նոր առաջարկները, որ ասվում են, կարող վերաբերվել բանակցային ռեժիմին: Միացյալ Նահանգները կտրուկ միջամտեցին պրոցեսին, որը երկու տարի անընդհատ Ռուսաստանի ձեռքին է եղել: Գուցե ինչ-որ փոփոխություններ լինեն»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում ԱԳ նախարարների հանդիպումից, Մանվել Սարգսյանը նշեց, թե կարեւոր հանդիպում է, որ պարզություն պիտի մտցվի, թե ինչ են նշանակում այդ նոր առաջարկները: «Միգուցե բանակցային ֆորմատի մեջ բանակցային փոփոխություններ լինեն»,- նշեց Սարգսյանը` չբացառելով, որ աճի ԱՄՆ-ի ներգրավվածությունը բանակցային գործընթացին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Փարիզում այսօր` հունիսի 18-ին, նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Որոշ տվյալներով, հանդիպման  նպատակն է նախապատրաստել հանդիպում բարձր մակարդակի վրա:

Ավելի վաղ Հայաստան եւ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպման ընթավքում կներկայացվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ: