Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետեւել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին եւ ներկայացրել իր դիտողությունները:

«Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձեւավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետեւողականությունը եւ սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձեւավորումը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաեւ մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:

Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները եւ համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:

«Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները` պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը»,- նշել է քաղաքապետը:

Այգիներում  եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:

Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ եւ ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաեւ բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների  վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:

Մայրաքաղաքի դպրոցներին եւ մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու եւ առավել նպատակային դարձնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել »Օգնիր դպրոցիդ» եւ»Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործունեությունը։

Ընթացքի մեջ են վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարվում են շրջայցեր:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորոգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:

Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

«Արձանագրված բոլոր ապօրինությունների մասով պետք է կայացնել քանդման որոշում»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը` զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթեւեկման, ինչպես նաեւ կանգառագոտիներից դուրս կայանման մի շարք դեպքեր: Զեկուցվել է նաեւ, որ  նախորդ շաբաթ կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:

Չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման վերաբերյալ «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մինչեւ հուլիս կվերագործարկվեն մայրաքաղաքային եւս 3 շատրվան:

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:

Շարունակվում են նաեւ մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման եւ նոր շենքերի լուսավորման աշխատանքները: 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել եւ առաջարկություն ներկայացնել Դվին հյուրանոցի հարեւանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված: