ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ ֆորը (Ֆրանսիա) հունիսի 18-ին համատեղ նիստ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեյարովի հետ: Նիստին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, համանախագահները նախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի ուղիները, նաեւ հումանիտար ոլորտում շփումների զարգացման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման եւ պատմական եւ մշակութային նշանակության օբյեկտների պահպանման ուղղությամբ հետագա աշխատանքը:

Համանախագահները կրկին խորը անհանգստություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ` ընդգծելով 1994թ. հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարները հայտնել են իրենց վճռականությունը` շարունակել աշխատանքը համանախագահների հետ` խաղաղ կարգավորման հասնելու համար, նաեւ վստահության ամրապնդման միջոցների հասնելու, որոնք կբարելավեն բանակցությունների մթնոլորտը:

Հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ համանախագահներն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելեն տարածաշրջան: